Հայաստանի էլեկտրական ցանցեր

ՀԷՑ-ը կորպորատիվ կառավարման համակարգ է ներդնում

Նորություններ

13.06.2018

Ելնելով տնտեսական արդյունավետության և ներդրողների վստահության բարձրացման անհրաժեշտությունից՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերությունը 2018 թվականի սկզբից ձեռնամուխ է եղել ընկերության կորպորատիվ կառավարման համակարգի զարգացմանը: Բարելավման հիմք են հանդիսացել ինչպես ՀՀ , այնպես էլ Մեծ Բրիտանիայի կորպորատիվ կառավարման կանոնագրքերի պահանջները:

Կարևորելով կորպորատիվ կառավարման համընդհանուր ճանաչված ստանդարտներից և սկզբունքերից յուրաքանչյուրի (Արդարություն, Պատասխանատվություն, Թափանցիկություն, Հաշվետվողականություն) ապահովման անհրաժեշտությունը՝ Ընկերությունում նախանշվել են կորպորատիվ կառավարման կատարելագործման առաջնային հետևյալ չորս խնդիրները՝

  • ներքին նորմատիվա-իրավական շտեմարանի ստեղծում, որը կկարգավորի կառավարման մարմինների գործունեությունը, կառավարչական ընթացակարգերի իրականացման կարգը և կարևորագույն որոշումների ընդունումը,
  • որպես բաժնետերերի շահերը ներկայացնող մարմին՝ Ընկերության տնօրենների խորհրդի աշխատանքների շարունակական բարելավում, որը նախանշում է Ընկերության երկարաժամկետ ռազմավարությունը և նրա իրագործումը Ընկերության ղեկավարության կողմից,
  • ընկերության և նրա գործունեության վերաբերյալ տեղեկատվության բացահայտում՝ ապահովելով թափանցիկության համապատասխան մակարդակ,
  • բաժնետերերի հետ կանոնավոր կապերի պահպանում՝ ապահովելով նրանց իրավունքների պաշտպանությունը և օրինական շահերը:

Նշված խնդիրների լուծման նպատակով՝ Ընկերությունը որպես խորհրդատու ներգրավել է Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC) և իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները արդյունավետ կորպորատիվ կառավարման համակարգ ներդնելու ուղղությամբ: Սա էապես կբարձրացնի Ընկերության վարկանիշն ու գրավչությունը պոտենցիալ ներդրողների, միջազգային կառույցների, ֆինանսական ինստիտուտների և պետական մարմինների շրջանում: