Հայաստանի էլեկտրական ցանցեր

Հայաստանում բացվեց առաջին «Գերազանցության» կենտրոնը

Նորություններ

05.06.2017

Հունիսի 5-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ «գերազանցության» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնը ստեղծվել է աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության և ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով։

«Գերազանցության» կենտրոնի բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ԱՊՀ երկրներում Schneider Electric ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը, գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը և այլ պաշտոնատար անձինք:

Կենտրոնի բացման շրջանակներում տեղի ունեցավ նաև Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչների միջև քառակողմ համաձայնագրի ստորագրումը:

Նոր կենտրոնը, որը կառուցվել է պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա, Schneider Electric-ի և ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկը կդառնա։ Տասյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան հմտություններ զարգացնել ու ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին։

«Մենք բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխանող առաջատար տեխնիկական կենտրոն կունենանք: Բարձր տեխնոլոգիական ժամանակակից սարքավորումներով հագեցած Գերազանցության կենտրոնի բացումը հնարավորություն կտա ոչ միայն ապագա մասնագետների պատրաստել, այլ նաև նոր հնարավորություններ կստեղծի արդեն կայացած աշխատակիցների համար: Համոզված եմ, որ կենտրոնը կապահովի գիտության և տեխնոլոգիաների մեծ առաջխաղացում, կնպաստի գիտա-տեխնիկական գրագետ հիմքի ստեղծմանը Հայաստանում արդյունավետ արդյունաբերական արտադրության համար, - նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

Սամվել Կարապետյանի խոսքով, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էներգատեխնիկայի, ինչպես նաև մեխանիկամեքենաշինական ինստիտուտի գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողները 2017 թվականի սեպտեմբերից «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից յուրաքանչյուրը կստանան տարեկան 6000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի կրթաթոշակ:

«Ազգային մասնագիտական համալսարանի հետ համագործակցությունը ճանապարհ կհարթի Հայաստանի շուկայում նորարար տեխնոլոգիաների համաշխարհային փորձի ներդրման համար», - նշեց Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում Schneider Electric-ի նախագահ Յոհան Վանդերպլաետսը։

Փորձագետների կարծիքով, սա առաջին գործնական ապացույցն է, որ եվրոպական ու եվրասիական գիտական ու բիզնես-միությունների սերտ ինտեգրումը կարող է արդյունավետ լինել։

Գերազանցության կենտրոնը Երևանում բացվում է «Տաշիր» ԸԽ կազմում ընգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և ֆրանսիական կազմակերպության միջև համագործակցության հուշագրի ստորագրումից երեք ամիս անց։ Պայմանագրի համաձայն կողմերը ծրագրում են մասնակցել Հայաստանի էլեկտրացանցային ենթակառուցվածքի օբյեկտների արդիականացման ծրագրին՝ հաշվի առնելով միջազգային լավագույն տեխնոլոգիաները։

«Տաշիր»-ն ու Schneider Electric-ը նաև ուսումնասիրում են արդյունաբերական համագործակցության հնարավորությունը, որը կուղղվի ճարտարագիտության ու ժամանակակից էլեկտրասարքավորումների և ավտոմատացման համակարգերի արտադրությանը եվրասիական տնտեսական միության շրջանակներում։

Էներգետիկ ոլորտում ավտոմատացման ժամանակակից համակարգերի ու խելացի սարքավորումների զարգացումը ամենահեռանկարային ուղղությունն է։ Եվրոպական փորձագետները սահմանել են, թե ինչ տեխնոլոգիական փոփոխություններ են սպասում մեզ ապագայում։ Յոհան Վանդերպլաետսի խոսքով մի քանի տարի հետո համաշխարհային ողջ հանրության ուշադրության կենտրոնում լինելու է խելացի մոտեցումը էներգառեսուրսների հանդեպ։

ԱՊՀ-ում Schneider Electric-ի նոր ռազմավարական գործընկերը Հայաստանի Հանրապետությունն է։ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության և Երևանում պաշտոնական ներկայացուցչության ստեղծման մասին ընկերությունն առաջին անգամ հայտարարեց 2017թ. փետրվարին։