Հայաստանի էլեկտրական ցանցեր

Ավելի քան 4000 նոր միացման հայտ 2015թ. ընթացքում

Նորություններ

19.01.2016
՛՛Հայաստանի էլեկտրական ցանցերի՛՛ 2015 թ. նոր սպառողների միացմանն ուղղված հայտերի նախահաշվային արժեքը կազմել է մոտ 1մլրդ 558 մլն ՀՀ դրամ: Տարվա ընթացքում ընկերությունը 4131 հայտ է ստացել 125 ՄՎԱ պահանջվող հզորության համար: Փաստացի կատարված աշխատանքների գումարային արժեքը կազմել է 598 մլն դրամ:
Ուսումնասիրելով նոր միացումների քանակական ցուցանիշների դինամիկան՝ կարելի է փաստել, որ 2012-ից 2015 թթ. դրանք գրեթե հավասարաչափ են բաշխվել, համապատասխանաբար՝ 4621, 4858, 4911 և 4131: Պահանջվող հզորության տեսանկյունից առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2012 թ.-ին՝ 235 ՄՎԱ, մինչդեռ 2013-2014 թթ. նոր սպառողներն ընդամենը 152 և 153 ՄՎԱ են պահանջել: Սա, իհարկե, կապված է ՛՛Թեղուտ՛՛ պղնձամոլիբդենային կոմբինատի՝ բաշխիչ ցանցին միանալու հետ: Այս տարին նույնպես չի առանձնանում մեծ հզորությունների հայտերով:
Ստացված 4131 հայտից մեծ մասն ընկնում է բնակելի հատվածին, 3229-ը՝ 220 Վ և ևս 37 հայտ բազմաբնակարան բնակելի տներին: Բացի այդ՝ կա 0,4 կՎ 700 հայտ, 6-10 կՎ՝ 83 և ընդամենը 2 հայտ՝ 35-110 կՎ: Հայտերը նաև շատ անհավասարաչափ են ներկայացվում: Որպես կանոն՝ հայտերի աճը գրանցվում է մայիսից հոկտեմբեր, այնուհետև կտրուկ անկում է տեղի ունենում: Նույնն էլ աշխարհագրությանն է վերաբերում: Առաջատար դիրք է գրավում մայրաքաղաքը՝ 1427: Ինչ վերաբերում է մարզերին, այստեղ առաջատար են Կոտայքն (766) ու Արարատը (492): Արմավիրում, Գեղարքունիքում և Արագածոտնում հայտերը երկու հարյուրից ավելի են՝ 249, 250 և 223 համապատասխանաբար: Բոլոր մնացած մարզերում հայտերը 100-ից պակաս են, ամենափոքր թվաբաժինն ընկնում է Վայոց ձորին, որտեղ ընդամենը 96 հայտ է գրանցվել:
Հարկ է նշել, որ 10 մլն դրամից ավելի արժողությամբ հայտերի աշխատանքները սեփական ուժերով են իրականացվում, և միայն ավելի ծավալուն աշխատանքներին են կապալառու կազմակերպություններ ներգրավվում, քանի որ ընկերության ռեսուրսները բավարար չեն: Առավել խոշոր օբյեկտներից կարելի է նշել Պ.Սևակի ու Ծարավ Աղբյուրի փողոցների ԵՊՀ շրջանավարտների միության բազմաբնակարան շենքերը, Վ.Սարգսյան փ. 3 նախարարությունների ու Ամերիաբանկի շենքերը, Բյուզանդի 13-21 բազմաբնակարան շենքերը: Հարկ է նշել նաև Երևանի կենտրոնի էլեկտրական ցանցերի հեռանկարային զարգացման ծրագրում ընդգրկված միջոցառումները, ինչպես նաև 6 կՎ մալուխային գծի անցկացումը ՛՛Կենտրոնական՛՛ ենթակայանից ՛՛Երևանի կրկեսի՛՛, ՛՛Սերիոն՛՛ ՓԲԸ և Hilton հյուրանոցների, Չինաստանի դեսպանատան նոր շենքի ու Իսակովի պողոտայի Սառցե դաշտի նոր էլեկտրասնուցման ապահովման համար: