Հայաստանի էլեկտրական ցանցեր

Հաստատվեց էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման քանակի հաշվարկման մեթոդիկան

Նորություններ

13.11.2015

Կառավարության նոյեմբերի 12-ի նիստում հաստատվեց «Էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում դրա քանակի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» որոշումը:
Ապօրինի սպառում ասելով` կառավարությունը նկատի ունի էլեկտրաէներգիայի գողության դեպքերը ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ տնտեսավարողների կողմից:
Այն, որ երևույթը մինչ օրս էլ գոյություն ունի հասարակական շրջանակներում, բազմիցս է արծարծվել` հենվելով բացահայտված մասնավոր դեպքերի վրա, երբ սպառողը հայտնաբերել է, որ իր հաշվին գրանցված էլեկտրաէներգիայի մի մասը ուրիշն է օգտագործում: ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցերն՛՛ էլ իր հերթին միշտ տեղեկացրել է, որ էլեկտրաէներգիայի կորուստների զգալի մասը պայմանավորված է անմիջապես բաշխիչ ցանցերից կատարվող գողություններով:
Սակայն ապօրինաբար սպառած էլեկտրաէներգիայի քանակը որոշելու համար համապատասխան նորմատիվային ակտերի բացակայության պատճառով հնարավոր չի եղել վերականգնել կորուստը և պատժել օրինախախտներին:
Ըստ կառավարության հաստատած մեթոդաբանության՝ ապօրինի սպառած էլեկտրական էներգիայի քանակությունը հաշվարկվելու է հետևյալ բանաձևով` տվյալ ցանցի լարումը բազմապատկվելու է հաղորդալարի տեսակից, նյութից և կտրվածքի մակերեսից կախված` երկարատև աշխատանքային ռեժիմում հոսանքի թույլատրելի առավելագույն մեծության, հոսանքի հզորության գործակցի և սպառման ժամանակահատվածի մեկ հազարերորդականի հետ:
Այն դեպքում, երբ հնարավոր չէ որոշել և ամրագրել ապօրինի սպառման ժամանակահատվածը, ապա դրա տևողության հաշվարկային մեծությունը համարվելու է 960 ժամը կամ 40 օրը՝ օդային գծերից ապօրինի միացման դեպքերում, և 1440 ժամը կամ 60 օրը՝ ստորգետնյա մալուխներից ապօրինի միացման դեպքերում: