Հայաստանի էլեկտրական ցանցեր

Գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի ուղերձը Ընկերության աշխատակիցներին

Նորություններ

16.10.2015
Հարգելի՛ գործընկերներ
Ողջունում եմ բոլորիդ:
Մենք միասին ներկայացնում ենք մեր երկրի խոշորագույն աշխատանքային կոլեկտիվը, բայց ոչ ամենաօրինակելին ու ամենաարդյունավետը:
Հավաստիացնում եմ ձեզ, որ կարճ ժամանակում դառնալու ենք այդպիսին, քանի որ դա այսօրվա հրամայականն է և դրա համար բոլորիս տրվել են լայն հնարավորություններ:
Ձեզնից յուրաքանչյուրից պահանջում եմ խստագույնս ուղղորդվել մեր ընկերության կորպորատիվ բարոյական կոդեքսի հիմքում դրվող հետևյալ նորմերով՝
- ազնվագույն աշխատանք,
- առավելագույն ջանքեր և խստագույն կարգապահություն,
- դեմքով դեպի բաժանորդը,
- օպերատիվ, ոչ բյուրոկրատական աշխատաոճ,
- հարգանք օրենքի նկատմամբ,
- հարգանք սեփականության իրավունքի նկատմամբ:
Նրանք, ովքեր այս նորմերը չեն ընկալի որպես ամենօրյա աշխատանքի սկզբունքներ, հրաժեշտ կտան մեր կոլեկտիվին կարճ ժամանակում:
Ով որևէ կերպ կխախտի օրենքը, մասնավորապես՝ ոտնձգություն կկատարի սեփականության իրավունքի նկատմամբ, կպատժվի օրենքի ողջ խստությամբ:
Ես ձեզ հորդորում եմ բաց չթողնել արժանապատիվ աշխատանքով հայրենի հողում ապրելու այն լավագույն հնարավորությունը, որ մեզ բոլորիս ընձեռված է:
Ամենօրյա ազնիվ ու քրտնաջան աշխատանքի, վարչական և ֆինանսական ծախսերի կրճատման, էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման և կառավարման արդյունավետության ապահովման արդյունքում մենք իրականացնելու ենք սոցիալական մեծ ծրագրեր ձեր ընդգրկվածությամբ, ձեզ համար ստեղծելու ենք աշխատանքային լավագույն պայմանները:
Հաջողություն եմ մաղթում բոլորիս: