Հայաստանի էլեկտրական ցանցեր

Հաճախ տրվող հարցեր

1. Ո՞վ է իրականացնում նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը (նոր սպառման համակարգ) էլեկտրական ցանցին միացման ծախսերը:

Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը (այսուհետ՝ նոր սպառման համակարգ) էլեկտրական ցանցին միացման ծախսերը (ներառյալ նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների ձեռքբերման և տեղակայման, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների տեղակայման, շինարարական, կարգաբերման և թողարկման, ինչպես նաև նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման ծախսերը) իրականացնում է մատակարարը պատվիրատուի կողմից միացման վճարի ապահովման դեպքում:

(ԷՄՕԿ*, կետ 13)

2. Ինչի՞ հիման վրա է միացվում նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին:

Նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացվում է նոր սպառողի կամ կառուցապատողի, կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) գրավոր դիմումի հիման վրա, կամ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու:

(ԷՄՕԿ, կետ 13.2)

3. Դիմող անձի՝ էլեկտրական ցանցին միացման դիմումը ի՞նչ փաստաթղթեր և տեղեկատվություն պետք է պարունակի:

Դիմող անձի՝ էլեկտրական ցանցին միացման դիմումը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.

1) կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, գտնվելու վայրը, սպառման համակարգի միացման հասցեն, կազմակերպության ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ նրանց կողմից լիազորված անձի հեռախոսահամարը, կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ՝ հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը։

Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում ներկայացվում են նաև կազմակերպության ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ նրանց կողմից լիազորված անձի անձնագրի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն,

2) պահանջվող հզորությունը, լարման մակարդակը, միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ), էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը, ինչպես նաև` Դիմող անձի հայեցողությամբ, էլեկտրամատակարարման պահուստային սնուցման ապահովման անհրաժեշտության մասին իր պահանջները,

3) շինության էսքիզը կամ տարածքի հատակագիծը` նշելով նոր սպառման համակարգի միացման կետը կամ կետերը,

4) 35 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցին միանալու դեպքում նոր սպառման համակարգի տեխնիկական բնութագրերը:

(ԷՄՕԿ, կետ 13.2)

4. Ո՞րքան է դիմումը հանձնելու օրվանից մինչև միացման պայմանագրի կնքման առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը:

1) 10 աշխատանքային օրը՝ էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում, և 25 աշխատանքային օրը՝ էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում,

2) 10 աշխատանքային օրը` էլեկտրական ցանցին 0,4 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում, և 45 օրը՝ էլեկտրական ցանցին 0,4 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում,

3) 45 օրը՝ էլեկտրական ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում,

4) 75 օրը` էլեկտրական ցանցին 35 կՎ, 110 կՎ լարմամբ կամ բազմաբնակարան շենքերի միացման դեպքում:

(ԷՄՕԿ, կետ 13.4)

5. Ո՞րքան է Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի կնքման օրվանից մինչև Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը:

1) 10 աշխատանքային օրը՝ էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում, և 25 աշխատանքային օրը՝ էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում,

2) էլեկտրական ցանցին 0,4 կՎ լարմամբ՝

ա. 10 աշխատանքային օրը՝ պարզեցված միացման դեպքում,

բ. 45 օրը՝ մինչև 30 կՎԱ (ներառյալ) հզորությամբ միացման մնացած բոլոր դեպքերում,

գ. 90 օրը՝ 30 կՎԱ-ից բարձր միացման մնացած բոլոր դեպքերում,

3) 100 օրը` էլեկտրական ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում,

4) 270 օրը՝ էլեկտրական ցանցին 35 կՎ, 110 կՎ լարմամբ կամ բազմաբնակարան շենքերի միացման դեպքում:

(ԷՄՕԿ, կետ 13.5)

6. Ի՞նչպես է հաշվարկվում սպառած էլեկտրաէներգիայի քանակը:

Սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է հաշվարկային ամսում սպառողի առևտրային հաշվիչի գրանցած ցուցմունքների տարբերությամբ կամ այդ տարբերությունը հաշվիչի գործակցով (հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գարծակիցների արտադրյալ) բազմապատկելու միջոցով: Եթե առևտրային հաշվիչն ամիջապես գրանցում է էլեկտրաէներգիայի քանակը, որպես հաշվարկային ամսվա ընթացքում սպառված` ընդունվում է էլեկտրաէներգիայի այդ քանակը:

(ԷՄՕԿ, կետ 41)

7. Ի՞նչպես է որոշվում սպառած էլեկտրաէներգիայի արժեքը:

Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է տվյալ լարման մակարդակի և ժամային տիրույթների համար (եթե առևտրային հաշվառքի սարքն ունի նման տարանջատված հաշվառման հնարավորություն) Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրաէներգիայի քանակությունների արտադրյալների գումարով:

(ԷՄՕԿ, կետ 45)

8. Ո՞րքան են կազմում ''ՀԷՑ'' ՓԲԸ կողմից էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2016թ. օգոստոսի 1-ից սահմանված են էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները.

1. 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 34.7 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 30.7 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2. 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 37.2 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված րժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 33.2 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3. 6 (10)կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 43.2 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 33.2 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4. 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`

ա. ցերեկային սակագին` 46.2 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 36.2 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

9. Ի՞նչպիսին է մատակարարի պարտավորությունը սպառողի վճարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:

ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին, եթե Պայմանագրով այլ բան նախատեսված չէ.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով 2 անգամ, ժամը 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում հայտարարել նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրը.

(ԷՄՕԿ, կետ 46)

10. Ե՞րբ է սպառողը պարտավոր վճարել սպառված էլեկտրաէներգիայի արժեքը:

Սպառողը նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի արժեքը պարտավոր է վճարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկացված լինելուց հետո 7 օրվա ընթացքում:

(ԷՄՕԿ, կետ 47)

11. Սպառողի կողմից վճարման ժամկետը խախտելու դեպքում, ե՞րբ է կարող մատակարարը դադարեցնել էլեկտրամատակարարումը:

Վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը՝ առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ սպառողին հասու այլ ձևերով (հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում և այլն) զգուշացնելուց հետո

(ԷՄՕԿ, կետ 48)

12. Ի՞նչ ժամկետներում է պարտավոր մատակարարը վերականգնել սպառողի էլեկտրամատակարարումը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում, երբ մատակարարը դադարեցրել է սպառողի էլեկտրամատակարարումը:

Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում, երբ մատակարարը դադարեցրել է սպառողի էլեկտրամատակարարումը, այն պարտավոր է վերականգնել ոչ ուշ, քան.

1) նույն օրը` մինչև ժամը 18:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին մինչև ժամը 14:00-ն, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը,

2) հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-ից հետո, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը,

3) պարտքի մարման մասին տեղեկանալու պահից 24 ժամվա ընթացքում, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել ոչ աշխատանքային օրերին կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը:

(ԷՄՕԿ, կետ 52)


13. Ի՞նչ կարգ է սահմանված վճարման փաստաթղթում սխալի ուղղման համար:

Վճարման փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում, սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին գրավոր ծանուցում է մյուս կողմին: Ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կողմն անհամաձայնության դեպքում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները համապատասխան հիմնավորումներով:

Վճարման փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում մատակարարը սխալ հաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) հաջորդ հաշվարկային ամսում սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում:

Վճարման փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի սպառողի էլեկտրամատակարարումը, եթե վերջինս վճարել է մատակարարված էլեկտրաէներգիայի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Սպառողը պետք է ողջամտորեն հիմնավորի իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի վիճարկվող մասի արժեքը՝ հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին:

(ԷՄՕԿ, կետեր 53, 54, 55)


14. Ի՞նչի հիման վրա և ու՞մ նախաձեռնությամբ կարող է իրականացվել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգումը:

Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգումը կարող է իրականացվել ինչպես սպառողի գրավոր դիմումի հիման վրա, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ:

(ԷՄՕԿ, կետ 60)

15. Ի՞նչ ընթացակարգով է կատարվում հաշվառքի սարքի ճշտության ստուգաչափումը:

Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են մատակարարի կողմից, այդ թվում սպառողի գրավոր դիմումի հիման վրա:

Սպառողը երկու տարի անընդմեջ մատակարարին մեկից ավելի անգամ առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում պարտավոր է մատակարարին վճարել 1200 դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) կանխավճար:

Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգումը կարող է իրականացվել ինչպես սպառողի գրավոր դիմումի հիման վրա, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտությունը որոշվում է Չափագիտական մարմնի կողմից հաստատված չափագիտական փորձաքննության եզրակացության հիման վրա՝ առևտրային հաշվառքի սարքի հերթական կամ արտահերթ ստուգաչափման ընթացքում:

Մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, աշխատանքի ճշտության ստուգման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցել սպառողին: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվառքի սարքը ապահավաքակցել առանց սպառողին նախապես ծանուցելու, եթե հայտնաբերել է, որ սպառողն էլեկտրաէներգիան սպառում է առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտմամբ կամ առևտրային հաշվառքի սարքի հետագա շահագործումը կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին: Սպառողն իրավունք ունի պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ՝ դրա ապահավաքակցումը, աշխատանքի ճշտության ստուգումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ՝ նախապես փոխհամաձայնեցված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մատակարարի կողմից այդ մասին գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում սահմանված ժամկետում առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը, աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը սպառողի չներկայանալու դեպքում այդ աշխատանքներն իրականացվում են նրա բացակայությամբ:

(ԷՄՕԿ, կետեր 60, 61, 62, 65.2)


16. Ի՞նչ ընթացակարգով է իրականացվում առևտրային հաշվառքի սարքի փոխարինումը:

Առևտրային հաշվառքի սարքերը կարող են փոխարինվել ինչպես սպառողի պահանջով, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ:

Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը մատակարարի նախաձեռնությամբ իրականացվում է նրա միջոցների հաշվին:

(ԷՄՕԿ, կետ 67)

Սպառողի պահանջով առևտրային հավառքի սարքերի փոխարինումը իրականացվում է մատակարարը՝ սպառողի գրավոր դիմումի հիման վրա: Նման դեպքում սպառողը պարտավոր է մատակարարին վճարել կանխավճար: Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից հետո մատակարարը պարտավոր է համապատասխան փոփոխություն կատարել Պայմանագրում և սպառված էլեկտրաէներգիայի արժեքը ընթացիկ ամսվան հաջորդող ամսվանից հաշվարկել Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրաէներգիայի քանակությունների արտադրյալների գումարով:

(ԷՄՕԿ, կետ68, 71)

Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը սպառողի պահանջով իրականացվում է կանխավճարի հետևյալ չափերի վճարման պայմանով.

ա) միաֆազ ինդուկցիոն հաշվիչը միաֆազ էլեկտրոնային հաշվիչով փոխարինելու համար` 10000 (տասը հազար) դրամ,

բ) եռաֆազ ինդուկցիոն հաշվիչը եռաֆազ էլեկտրոնային հաշվիչով փոխարինելու համար` 35 000 (երեսունհինգ հազար) դրամ:

(ԷՄՕԿ, կետ 69)

Մատակարարը սպառողի դիմումը և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթուղթը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է փոխարինել նրա առևտրային հաշվառքի սարքերը:

(ԷՄՕԿ, կետ 70)

17. Ո՞ր դեպքերում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը:

Մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը`

ա) սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կանոններով և պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարումներ չկատարելու դեպքում.

բ) եթե մատակարարի անձնակազմին համապատասխան վկայականը ներկայացնելու դեպքում թույլ չի տրվել սպառողի հետ համաձայնեցված ժամանակացույցով կամ պայմանագրով սահմանված կարգով սպասարկել սպառողի տնօրինվող տարածքում տեղակայված էլեկտրատեղակայանքները, այդ թվում` էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերը` անկախ դրանց պատկանելությունից.

գ) եթե սպառողը էլեկտրաէներգիան սպառել է առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումով կամ առանց առևտրային հաշվառքի սարքի, կամ առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով.

դ) կանոններով սահմանված կարգով էլեկտրական ցանցին ժամանակավոր միացման տեխնիկական պայմաններ ստացած նոր սպառողի էլեկտրամատակարարման տեխնիկական պայմաններում էլեկտրական ցանցին ժամանակավոր միացման համար սահմանված ժամկետի ավարտի դեպքում։

(ԷՄՕԿ, կետ 33)

18. Ի՞նչ ժամկետում է Մատակարարը պարտավոր պատասխանել դիմումին:

Մատակարարը սպառողի կամ Դիմող անձի դիմումին պարտավոր է պատասխանել այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առանձին դեպքերի համար Կանոններով այլ ժամկետ սահմանված չէ:

(ԷՄՕԿ, կետ 75)